| «Փարոս» կամերային երգչախումբը  հիմնվել է 1993 թվականին Կարմիր Խաչի  հետվնասվածքային վերականգնողական կենտրոնին կից։ Երգչախմբի հիմնադրման պահից մինչև 2008թ. «Փարոսի» գեղարվեստական ղեկավար և դիրիժորն էր Վաչագան Նավասարդյանը։ «Փարոսը» աշխարհում միակ երգչախումբն է, որի անդամների գերակշռող մեծամասնությունը կազմում են սայլակ օգտագործող հաշմանդամներ։ Իր գործունեության ընթացքում երգչախումբը բազմաթիվ ելույթներ է ունեցել Երևանում, Հայաստանի տարբեր շրջաններում և արտերկրում։ Երկրաշարժի 10-ամյակի կապակցությամբ «Փարոսը» Վրաստանի նախագահ Է. Շևարդնաձեի հրավերով ելույթ է ունեցել Թբիլիսիում (1998թ.)։ Երգչախումբը հյուրախաղերով հանդես է եկել Լիբանանում (1997թ.) և Ֆրանսիայում (2005թ.), ինչպես նաև հաջողությամբ մասնակցեց Մեծ Բրիտանիայում (2000թ.` եզրափակիչ գալա-համերգի բացման պատիվ) և Իտալիայում (2003թ.` «Ձայներ արևի տակ» մրցույթի հատուկ մրցանակ և 5-րդ տեղ) անցկացված միջազգային մրցույթ-փառատոներին։ Թողարկվել են «Փարոսի» երկու կոմպակտ-ձայներիզներ։ «Փարոսի»  ելույթները և ձայներիզները արժանացել են հայ և արտասահմանյան առաջատար մասնագետների բարձր գնահատանքի։
 2009թ. փետրվարից երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավարն է Րաֆֆի Միքայելեանը։
 Երգչախմբի գործունեության հետ կապված կազմակերպչական հարցերը հոգում է «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը (գործադիր տնօրեն՝ Արմեն Ալավերդյան)։ 2004թ.-ից երգչախմբի գլխավոր հովանավորն է Շտրաուխ Քուլհանջյան ընտանիքի կողմից ստեղծված «Փարոս» Հիմնադրամը (ԱՄՆ, գործադիր տնօրեն` Փիթեր Աբաջյան)։ Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք «Ունիսոնի» գրասենյակ 010-52-21-70 հեռախոսահամարով։
  |